Մի պատանի, որ Կիպրոս կղզուց էր, գերի ընկավ, տարվեց Պարսկաստան և այնտեղ բանտարկվեց: Ծնողներն սկզբում չգիտեին, թե որտեղ է իրենց զավակը, հետո լսեցին, թե մահացել է, և սկսեցին նրա հիշատակի համար Սուրբ Ծննդի, Սուրբ Զատկի և Սուրբ Հոգեգալստի ժամանակ հոգեհաց տալ: Չորս տարի անց պատանին փախավ գերությունից և վերադարձավ ծնողների մոտ: Զարմացած հայրն ու մայրը առաջին գրկախառնումից հետո հարցրին. «Սիրելի որդի, մենք լսել էինք, որ դու մահացել ես և աղոթում էինք քո հոգու հանգստության համար»: – Դուք դա ո՞ր ամսի ո՞ր օրն եք արել, – հարցրեց պատանին, և երբ իմացավ նրանց աղոթելու ժամանակը, զարմացած բացականչեց. «Ախ, սիրասուն ծնողներ, դուք չգիտեք, թե դրանով ինչ լավություն եք արել ինձ: Քանզի այդ օրերին ինձ մոտ էր գալիս սպիտակ շուրջառով մեկը, արձակում էր շղթաները և դուրս թողնում զնդանից այնպես, որ ոչ ոք տեսնել չէր կարողանում, իսկ հաջորդ օրը ես դարձյալ շղթայակապ հայտնվում էի զնդանում»: Քրիստոնյանե՛ր, աղոթեցե՛ք ձեր հանգուցյալ ազգակիցների համար, աղոթեցեք յուրաքանչյուր մահացած քրիստոնյայի համար, քանզի դրա շնորհիվ նրա հոգին հանգստություն է ստանում: Հոգեշահ խրատներ.