Կարդանք մեկական տող և փառք տանք Աստծուն, որ Իր մարգարեների միջոցով խոսում է մեզ հետ ամեն օր.. Ահա՛ այն գոհարները…
Օսեե
Ձեզ համար արդարութեան սերմեր ցանեցէ՛ք եւ կենաց պտուղ քաղեցէ՛ք. վառեցէ՛ք ձեզ համար գիտութեան լոյսը, փնտռեցէ՛ք Տիրոջը, մինչեւ որ արդարութեան պտուղները հասնեն ձեզ։
Ամոս
Բարի՛ն փնտռեցէք եւ ոչ թէ չարը, որպէսզի ապրէք, եւ ձեզ հետ կը լինի Ամենակալ Տէր Աստուածը..
Միքիա
Սակայն ես Տիրոջը կը սպասեմ, կը սպասեմ իմ փրկիչ Աստծուն,
եւ իմ Տէր Աստուածը կը լսի ինձ։
Հովել
«Եւ արդ, – ասում է ձեր Տէր Աստուածը, – դարձէ՛ք ինձ ձեր ամբողջ
սրտով, ծոմապահութեամբ, լալով ու կոծելով։ Ձեր սրտե՛րը
պատռեցէք եւ ոչ թէ ձեր հագուստները»։
Աբդիու
Քո հպարտութիւնը քեզ վերեւ բարձրացրեց՝ և դու ասացիր.
«Ո՞վ ինձ գետին կ՚իջեցնի»։ Եթէ արծուի պէս էլ բարձրանաս, եւ եթէ աստղերի մէջ էլ դնես քո բոյնը, այնտեղից անգամ կ՚իջեցնեմ քեզ, – ասում է Տէրը։
Հովնան
Յովնանն ասաց. «Մահու չափ տխրել եմ»։ Տէրն ասաց.
«Դու ափսոսացիր դդմենուն, որի համար ոչ մի ջանք չթափեցիր,
չսնեցիր այն. նա գիշերը բուսնեց եւ միւս գիշեր կորաւ։ Իսկ ես չխնայե՞մ Նինուէ մեծ քաղաքին, որտեղ ապրում են աւելի քան հարիւր քսան
հազար մարդ, որոնք իրենց լաւն ու վատը չիմացան, ինչպէս նաեւ
շատ կենդանիներ։
Նավում,
Բարեհաճ է Տէրը նրանց նկատմամբ, ովքեր ապաւինում են նրան նեղ օրերին. Նա ճանաչում է իրենից երկիւղ կրողներին։
Ամբակում
Վա՜յ նրան, ով քաղաքը արեան վրայ է կառուցում եւ քաղաք է հաստատում անիրաւութեամբ:
Սոփոնիա
Վախեցէ՛ք Տէր Աստծուց, քանի որ մօտիկ է Տիրոջ օրը, որովհետեւ
Տէրը պատրաստեց իր զոհերը եւ հրաւիրեց իր հրաւիրեալներին։
Անգե
Ես այս տեղին խաղաղութիւն պիտի տամ, – ասում է Ամենակալ Տէրը, – հոգո՛ւ խաղաղութիւն՝ որպէս փրկութիւն բոլոր նրանց, ովքեր
կ՚աշխատեն վերականգնել այդ տաճարը։
Զաքարիա
Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. «Արդար դատո՛վ դատեցէք,
ողորմութի՛ւն եւ գթութի՛ւն արէք իւրաքանչիւրն իր եղբօրը։ Մի՛
կեղեքէք այրուն, որբին, պանդխտին եւ տնանկին։Թող ոչ ոք իր
սրտում ոխ չպահի իր ընկերոջ դէմ՝նրա գործած չարիքների համար»։
Մաղաքիա
«Որդին փառաւորում է Հօրը, եւ ծառան երկնչում է իր Տիրոջից։ Իսկ արդ, եթէ ես Հայր եմ, ո՞ւր է իմ փառքը, իսկ եթէ Տէր եմ, ո՞ւր է իմ պատիւը, – ասում է Ամենակալ Տէրը։